
Մինսկում մոբիլիզացիա սպասվու՞մ է

Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար մոբիլիզացիա հայտարարելու կարիք չկա, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Այսպիսով, նա մեկնաբանել է ՌԴ ղեկավարության կողմից մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո հանրապետությունում հնարավոր զորահավաքի մասին հաղորդագրությունները։
«Մոբիլիզացիան մեր մասին չէ, Բելառուսի ժողովուրդն ու երկիրը, այնուամենայնիվ, մոբիլիզացված են։ Եվ իհարկե, Աստված մի արասցե, մենք պատրաստ ենք հակահարված տալ այն ուժերով ու միջոցներով, որոնք նախատեսված են դրա համար՝ ուժային բլոկը, խաղաղ ժամանակի կադրերը, որոնք այսօր կատարում են իրենց երկրի և սահմանադրական կարգի պաշտպանության խնդիրները իրենց տարածքում»,- ասել է գեներալը։
Մինչ այդ նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։
Վոլֆովիչը պարզաբանել է, որ Բելառուսում նոր տեսակի ռազմական կազմավորումներ են ստեղծվում։ «Բելառուսում ժողովրդական միլիցիան նոր տիպի կազմավորում է, որը կոչված կլինի պաշտպանելու իր երկիրը, իր տարածքը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս ասել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում, նա պաշտպանում է իր ազգային շահերը, պաշտպանում է իր հողը, իր տարածքները»,- պարզաբանել է Վոլֆովիչը։
Նա նաև ասել է,որ Պատրուշևի հետ հանդիպմանը երկու երկրների Անվտանգության խորհուրդների մասնագետները քննարկել են «Արևմուտքի հիբրիդային սպառնալիքների» հետ կապված իրավիճակը և մշակել են այդ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մի շարք մեխանիզմներ։
Լուկաշենկոն նախօրեին Վոլֆովիչի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Բելառուսը թույլ չի տա իր տարածքով ռուսական բանակին «մեջքից հարվածել»։