Ուկրաինայում կանխատեսել են պատերազմի ավարտը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի Զինված ուժերի ևս մի քանի փոքր հաղթանակներից հետո ռազմաճակատում ռուսները կսկսեն փախչել։ Այս մասին Ռեզնիկովն ասել է RBC-Ukraine-ին տված հարցազրույցում։ 
 

«Ուղղակի ես այլ զգացողություն ունեմ (որ կռիվը երկար չի տևի – խմբ.) Համոզված եմ, որ ևս մի քանի հաջողություններ ռազմաճակատում որպես որոշակի, թեկուզ փոքր, բայց հաղթանակներ, և ռուսական զորքերը կփախչեն, հավատացեք, որովհետև մենք այսօր քանդում ենք նրանց մատակարարման շղթաները, պահեստները և այլն, և հարց կառաջանա՝ ո՞ւր պետք է գնան, իսկ բարոյահոգեբանական ոգին… ձնահյուսի պես կլինի, պաշտպանության մի գիծը կթուլանա, և այն կընկնի»,- ասել է Ռեզնիկովը։ 

Նա նշել է, որ ուկրաինացիներն արդեն տեսել են, թե ինչպես են զավթիչները փախել Կիևի, Չեռնիգովի և Սումիի շրջաններից։ 

Միաժամանակ ՊՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը զինվորներին կերակրելու, տանկերը լիցքավորելու ոչինչ չունի, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը կտրել են նրանց մատակարարման շղթաները։ Իսկ այժմ, բարձր ճշգրտության հրետանու և տեխնիկայի կիրառմամբ, մեծ հավանականություն կա, որ «այս ձնահյուսը (զավթիչների թռիչքը – խմբ.) ավելի արագ կթռչի»։ 

Ըստ Ռեզնիկովի, դրա համար մի քանի պատճառ կա. Նախ, աշխարհը Ուկրաինայի զինված ուժերն ընկալում էր որպես փոքր խորհրդային բանակ, որը դիմակայելու է խորհրդային մեծ բանակին, բայց իրականում ամեն ինչ լրիվ այլ էր։ 

Բացի դրանից, ռուս զինվորները հավատում էին, որ մի քանի օրից կվերցնեն Ուկրաինան, իրենց կդիմավորեն ծաղիկներով, բայց այստեղ սկսեցին սպանվել։ 

Ռեզնիկովի խոսքով՝ ուկրաինացիները գիտեն, որ պաշտպանում են «իրենց երկիրը, իրենց ընտանիքը և իրենց հողը», ուկրաինացիները «այլ տարբերակ չունեն, քան գոյատևել որպես ազգ, ժողովուրդ և երկիր»: