Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին:
Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի: Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով: 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր:
Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:
Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը:
Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին:
Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:
Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»:v
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...
ՀՐԱՏԱՊ․ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականաց...
Մանրամասներ՝ բուհերի միավորման մասին․ ԿԳՄՍ
Դեռ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացմ...