Տղամարդը ձևացել է լրագրող և զինվորին գումար փոխանցելու պատրվակով խոշոր գումար հափշտակել

Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով, խեղաթյուրելով իրականությունը` տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11 մլն ՀՀ դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված տարբեր հաշվեհամարներին՝ հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ:

Քաղաքականություն