Կառավարությունից լսեցին, զարմացան և ոչինչ չարեցին․ ՀՀ-ում մի ամբողջ ամիս աճուրդ չի իրականացվի

«ՀՀ» օրաթերթը ողջ անձնակազմով գնացել է հանգստի` խաթարելով երկրում աճուրդների գործընթացը «Համայնքային հողամասի աճուրդի եմ սպասում, սակայն ինձ ասում են, որ տեխնիկապես աճուրդներ չեն կարող կայանալ, քանի որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ողջ անձնակազմով գնացել է արձակուրդ»,- այս մասին Auroranews.am-ին հայտնեց ահազանգած քաղաքացին: 

 

«Չի կարող թերթը, որին բացառիկ կարգով վերապահված է աճուրդների մասին հայտարարությունները հրապարակելու իրավունք, ամբողջ կազմով դռները փակել ու արձակուրդ գնալ։ Մարդիկ էլ նստեն ու սպասեն, թե երբ կվերադառնան աշխատանքի: Հասկանու՞մ եք, ողջ կազմով գնում են ու հերթափոխն ինչ է, որ չեն սահմանում։ Իրենց աշխատանքի, կառավարության անհետևողական վերաբերմունքի պատճառով մի ամբողջ ամիս երկրում աճուրդ չի կարող իրականացվել։ Ցավալին այն է, որ կառավարությունը թերթին մոնոպոլ դիրք է տրամադրել, սակայն չի էլ հետևում, թե իրենց աշխատանքը ոնց են կատարում»,- նշեց քաղաքացին։

 

Аuroranews.am-ը գնաց ահազանգի հետքերով: Կապ հաստատեցինք թերթի գովազդային բաժնի պատասխանատուի հետ, քանի որ միայն նա պատասխանեց մեր զանգերին։ Աշխատակիցը հաստատեց՝ ողջ անձնակազմը օգոստոս ամսին արձակուրդում է, կվերադառնան միայն սեպտեմբերից: 

 

Ինչ կապ ունեն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու պետական, համայնքային հողամասերի աճուրդները 

 

Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ պարտադիր պահանջ է սահմանված պետական և համայնքային uեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով օտարման, մրցույթով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունների հրապարակման կարգի մասին: Կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1181-Ն կարգում փոփոխություն է արվել և լրացվել

 

Փոփոխությամբ սահմանվել է, որ պետական և համայնքային հողամասերի աճուրդային կարգով օտարման, մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պետք է հրապարակվեն «Հայաստանի Հանրապետություն օրաթերթում», «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում: 

Нет описания.

 

 

Նշված որոշմամբ հաստատված՝ հայտարարությունները պարտադիր հրապարակվում են կոնկրետ պարբերականում` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Այս կարգավորման էությունը հիմնավորվել է նրանով, որ թե՛ Երևան համայնքի, և թե՛ Հայաստանի Հանրապետության մնացած համայնքների ազգաբնակչության մի զգալի մասը դեռևս չունի հնարավորություն օգտվելու ինտերնետային պաշտոնական ծանուցումներ սպասարկող կայքերից և համակարգչային հնարավորություններ։ 

 

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հողամասերի հայտարարությունների հրապարակումը էլ ավելի պետք է նպաստեր հանրության իրազեկմանը։ Այն ինչ, ստացվում է, մեկ ամբողջ ամիս հիշյալ օրաթերթը ոչ միայն խոչընդոտում է համացանցից չօգտվող ու ավանդական թերթերից տեղեկություն ստացող մարդկանց տեղեկատվություն ստանալը, այլ նաև առհասարակ մրցույթների ու աճուրդների անցկացումը։ 

 

Ինչու չեն կարող պետական և համայնքային հողամասերի աճուրդները, վարձակալության մրցույթներն իրականացվել առանց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի Հանրապետության Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը: Այնտեղ նշվում է, որ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով: Այսինքն, աճուրդի կամ մրցույթի անցկացման համար պարտադիր է, որ դրանց մասին հայտարարությունները արվեն և՛ «ՀՀ» թերթում, և՛ azdarar.am կայքում: Ստացվում է, որ չի կարող առանց թերթում հրապարակվելու, տեղադրվել միայն կայքում։ Այս պարագայում, ստացվում է, մրցույթներն ու աճուրդներն անօրինական են. հասարակության որոշ մասի համար տեղեկության հասանելիությունը չի ապահովվել։

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց ինչպես  ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
պետ Արմեն Խաչատրյանի, այնպես էլ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Վերջիններս զարմացան, որ նման բան է կատարվում, սակայն հետագա մեր՝ Տարոն Չախոյանի հետ ունեցած զրույցում հասկանալի դարձավ, որ գոնե այս տարվա ընթացքում կառավարությունը իրավիճակը շտկելու համար որևէ քայի չի գնա՝ կփորձեն մյուս տարի այլ կերպ անել։

 

Նշենք, որ այսօր դեռ օգոստոսի 12-ն է և կառավարության անդամները հասկանալով, որ նման կերպ ոտնահարվում է քաղաքացիների շահերը, ամբողջ երկրում ուղիղ մեկ ամիս որևէ աճուրդ իրականացնելու հնարավորություն չի լինելու՝ կարող էին միջնորդել, խնդիրը տեղ հասցնել, որպեսզ հրատապ որևէ որոշում կայացվեր, սակայն ունենք այն, ինչ ունենք։

 

Նշենք նաև, որ նախկինում աճուրդի վերաբերյալ ցանկացած հայտարարություն կարելի էր հրապարակել ՀՀ-ում տպագրվող բոլոր այն թերթերում, որոնք ունեին առնվազն 3000 տպաքանակ։

Քաղաքականություն