Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։
Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։
Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։
Իսկ ամենախոշոր պայամանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։
Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալն էլ Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։
Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար
Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշա...
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, վիճակը գնահատվում է ծանր
Արցախի ՊԲ-ն հայտնում է՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում...
Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝...