ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը․ վիրավորների թվում են բժիշկն ու բուժքույրը
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնում էին Դալարիկ գյուղ, սակայն տեղի է ունեցել ավտովթարը: Վիրավորների մեջ են նաև բժշկուհին ու բուժքույրը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: