«Անգամ, եթե այլընտրանքային կարծիքը պարոն Փաշինյանին դուր չի գալիս»․ Վարդապետյան

Աննա Վարդապետյանը, ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրելու է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, վստահեցնում է, որ բոլոր պաշտոններում իր համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը, այս դեպքում ևս իր նշաձողը դա է:

 

Վարդապետյանը կարծում է, որ իր գիտելիքները հնարավորություն կտան իրեն արդարացնել հանրային ակնկալիքն իր առաջադրումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Վարդապետյանն այս մասին ասել է խորհրդարանում ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

 

«Ես ստացել եմ առաջարկ: Խնդրել եմ մեկ օր մտածելու ժամանակ և համաձայնվել եմ: Կարծում եմ՝ կշռադատված, առանց էմոցիաների որոշում կայացնելու համար գոնե 24 ժամն անհրաժեշտ է: Ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ 1 օրը վերցնում եմ»,-ասաց Վարդապետյանը:

 

Խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը եղել է միմյանց հետ ծանոթանալու համար: Անդրադառնալով այդ պաշտոնի համար նշաձողին՝ Վարդապետյանն ասաց.

 

«Բոլոր պաշտոններում ինձ համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը: Այս դեպքում ևս բարձր պրոֆեսիոնալ նշաձողն է ինձ համար»:

 

Նրա խոսքով՝ ահռելի պատասխանատվություն է զգում: 

 

«Եվ այդ պատասխանատվությունը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ Գլխավոր դատախազի պաշտոնում երբևէ կին թեկնածու չի առաջադրվել: Այդ հանգամանքը ևս լրացուցիչ ակնկալիք, պատասխանատվություն ու նշաձող է պահանջում: Պատասխանատվությունն ահռելի է: Ես զգում եմ այդ պատասխանատվությունը ու կարծում եմ, որ իմ գիտելիքները հնարավորություն կտան ինձ՝ արդարացնելու հանրային ակնկալիքը այս առաջադրումից և նշանակումից»,-ասաց Վարդապետյանը:

 

Անդրադառնալով գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նա ասաց, որ Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018  թվականից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար դիրքում պահել՝ ընդգծելով, որ նշաձողը պետք է պահել և ավելի բարձրացնել:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը լինելու հանգամանքը չի կաշկանդելու իրեն դատախազի պաշտոնում գործունեության ընթացքում՝ նա ասաց, որ Փաշինյանի հետ աշխատանքը 2020 թվականի մարտի 2-ին է սկսվել, և առաջին հանդիպման ընթացքում մինչև նշանակումը զրույց են ունեցել, թե ինչ է ակնկալում վարչապետը իրավական հարցերով օգնականից: 

 

«Եվ այդ ակնկալիքը եղել է այլընտրանքային կարծիքը, անգամ, եթե այլընտրանքային կարծիքը պարոն Փաշինյանին դուր չի գալիս»,-ասաց Վարդապետյանը՝ վստահեցնելով, որ  փորձը ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ և իրավաբանորեն անաչառ կարծիք է տալիս վարչապետին:

 

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կաշկանդվածություն չի ակնկալում և չի ակնկալելու՝ շեշտելով, որ դա է ցույց տալիս վերջին տարիների աշխատանքը: