Շշեր նետեցին ռինգ, որոնցից մեկը դիպավ ՀՀ-ի հավաքականի գլխավոր մարզչին. միջադեպ` Եվրոպայի առաջնության ընթացքում

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ:

 

 Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Գերծանր քաշային կարգում` քառորդ եզրափակիչում, Դավիթ Չալոյանի մրցակիցն իսպանացի Այուբ Ղադֆան էր: Առաջին ռաունդի կեսից մրցավարը դադարեցրեց պայքարը` տեխնիական հաղթանակ տալով իսպանացի մարզիկին: Մրցավարը ներկայացնում էր Անգլիան:

 

Նման որոշումը տրիբունաները միանշանակ չընդունեցին և շշեր նետեցին ռինգ, որոնցից մեկը դիպավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականը բողոքարկել է մրցավարի որոշումը: 

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի  բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը  Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի  Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ: