Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով` ապահովելով ՀՀ-ի առաջին մեդալը
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երկրորդ մենամարտում մրցեց չեխ Նովակ Պետրի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով Հայաստանի առաջին մեդալը երևանյան մրցաշարում. Բաչկովը նվազագույնը բրոնզե մեդալ ունի:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչներում պարտություն էին կրել Արթուր Հարությունյանը (51 կգ) և Բարեղամ Հարությունյանը (48 կգ):
Ցերեկային մրցահերթում քառորդ եզրափակիչում կմրցի նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ: