Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում
Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին:
ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, գնում է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով:
«Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար, ըստ էության, դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում հարաբերությունների ամբողջ օրակարգը: Լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը»,- ասել է Փաշինյանը։
«Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ: Ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ ոչինչ անընդունելի չկա: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է երկու պատկերացումները միացնել իրար ու այդ հենքի վրա սկսել բանակցություններ, ապա մենք պատրաստ ենք դրան: Թեպետ, պետք է նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում: Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում, որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել», - ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով, առաջիկայում նախատեսվում է ՀՀ ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: