Մխիթարյանին հավասարազոր փոխարինող չունենք. Մոուրինյո
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական «Լեսթեր Սիթիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։
«Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղում «Լեսթեր Սիթին» մի քանի խաղացողների հանգստի հնարավորություն է տվել։ Նրանց մրցաշարային խնդիրները թույլ են տալիս։ Մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ, քանի որ պայքարում ենք Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։
Վնասվածքի պատճառով բացակայում է Մխիթարյանը, որին հավասարազոր այլընտրանք չունենք։ Այդուամենայնիվ խնդիրը նույնն է՝ եզրափակիչ դուրս գալը։
Մենք միասնական թիմ ենք եւ միասնաբար կպայքարենք նպատակին հասնելու համար։ Երկրպագուներին հորդորում եմ գալ ստադիոն եւ աջակցել թիմին։ Կհաղթենք, եթե միասին ցուցադրենք առավելագույնը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոմա» - «Լեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։