Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ն որոշեց Տիգրան Ավինյանին առաջադրել․ քաղաքապետը մեկնաբանում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ որոշել էր «անակնկալ կերպով» կառավարության նիստից հեռանալ ոչ թե ետնամուտքով, այլ գլխավոր մուտքով՝ անցնելով լրագրողների մոտով։ Առիթը բաց չթողեցինք ու մի քանի հարց ուղղեցինք նիստերին իր հախուռն խառնվածքով աչքի ընկնող քաղաքապետին, որը սովորական շփման ժամանակ հանդարտ վարքագիծ է դրսեւորում։ Հրաչյա Սարգսյանը, հիշեցնենք, ժամականավոր է այդ պաշտոնին․ ՔՊ-ն արդեն որոշել է Տիգրան Ավինյանին առաջադրել 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունենալիք Երեւանի ընտրություններում։
- Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ն որոշեց Տիգրան Ավինյանին առաջադրել, ոչ թե Ձեզ։
- Քաղաքական թիմն այդպիսի որոշում է կայացրել, որ քաղաքապետի թեկնածու տեսնում են պարոն Ավինյանին։
- Բայց երբ Հայկ Մարությանին մերժում էին ու հեռացնում քաղաքապետի պաշտոնից, Ձեզ էին տեսնում այդ պաշտոնում։ Ի՞նչ փոխվեց նրանց մտադրություններում։
- Չէ, 2023-ին են ընտրությունները լինելու, ու պարոն Ավինյանի թեկնածությունը՝ որպես այդպիսին, առաջադրվել է 2023 թ․ ընտրությունների համար, եւ դա չի քննարկվում այս ընթացքում։
- Ձեզ իրենց թիմի անդամ չե՞ն համարում կամ չե՞ն վստահում։
- Չէ, ես կարծում եմ՝ վստահությունը վստահաբար կա, մենք շատ լավ համագործակցում ենք կառավարության հետ, եւ որպես այդպիսին՝ նաեւ հարց կա, որ կարծում եմ՝ 5 տարի աշխատելով քաղաքապետարանում, երեւի ավելի թարմ մարդիկ են պետք, որ փոփոխություն լինի, եւ անընդհատ նույն պազիցիայում մարդը չմնա։
- Կարող է կոպիտ հնչել, բայց տպավորություն է, որ Ձեզ օգտագործեցին որպես միջանկյալ օղակ՝ ժամանակավոր քաղաքապետի կարգավիճակում, որ հետո հրաժարվեն ու իրենց մարդուն բերեն քաղաքապետ։
- Էսպես ասեմ, ես ինչպես նշել եմ, բազմաթիվ ծրագրեր կան քաղաքապետարանում, որ անձամբ ես բարեփոխումներ եմ իրականացրել՝ ի նպաստ քաղաքի, եւ շարունակում եմ այդ ծրագրերն իրագործել, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտը, որտեղ մեծ փոփոխություններ կան, ես էդ ամեն ինչն անում եմ, որպեսզի բովանդակային բան փոխենք, այլ ոչ թե ձեւական բաներ։ Ու քանի որ այդ ծրագրերը սկսել եմ, ես հանձնառություն եմ վերցրել, որպեսզի դրանք ավարտին հասցնեմ։
- Այդ ամենը որ անում եք, ինչպես նաեւ Հայկ Մարությանի ժամանակ որոշ ծրագրեր, դրանք ավելի շատ Ձե՞ր ամագն ու շնորհքն են, թե՞ ուրիշների։
- Էսպես ասեմ՝ չի լինում այնպես, որ մի հոգի ամբողջությամբ ամեն ինչ կարողանում է անել։ Տարբեր մարդկանց ներգրավվածությամբ են իրականացվում այդ ծրագրերը։ Եվ էդ ծրագրերի շրջանակներում մենք աշխատել ենք, ու ամեն մեկս իր տեղն ու դերն է ունեցել դրանք իրագործելու հարցում։ Մասնավորապես, տրանսպորտի ոլորտը կարող եմ ասել, որ իմ անմիջական ենթակայության տակ է եղել, ու տրանսպորտի ոլորտի բարեփոխումներով անձամբ ես եմ զբաղվել։
- Իսկ Հայկ Մարությանը որեւէ դրական բան չի՞ թողել իր հետեւից։
- Չէ, իհարկե, դրական բաներ թողել է, այսինքն՝ պետք չէ, էլի, մենք անձնավորում ենք տարբեր մարդկանց արածները։ Հիմա, օրինակ, ես ինչ-որ բարեփոխումներ եմ անում քաղաքապետարանում կամ մեր ենթակայության տարբեր կազմակերպություններում, դա միայն իմ ձեռքբերումը չէ, դա տեղակալի ձեռքբերումն է, իմ ձեռքբերումն է, վարչության պետերի ձեռքբերումն է։
- Հիմա Հայկ Մարությանից քաղաքակա՞ն առումով էին ավելի շատ դժգոհ, թե՞ կառավարչական խնդիրներ կային, դրա համար ազատեցին։
- Ես կարծում եմ՝ կառավարչական խնդիրներ եւ քաղաքական, այսինքն՝ երկու մասով էլ կար։ Ինչպես նշել եմ, անդունդ կար իշխող ուժի եւ պարոն Մարությանի միջեւ, դրա համար էդ բախումը տեղի ունեցավ։
- Ի դեպ, մամուլում պարբերաբար գրվում է, որ փաստացի քաղաքապետը, իրականում, Տիգրան Ավինյանն է, ու Ձեր այդ հախուռն ոճը՝ նիստերը վարելու, այն բանի համար է, որ ցույց տաք, թե Դուք եք իրավիճակի իրական տերը։
- Մամուլում չէ, ես կասեի՝ «Հրապարակ» օրաթերթով են հիմնականում էդ պնդումը, վերլուծություններն արվում։
- Մամուլը «Հրապարակ» օրաթերթն է, կարելի է ասել։
- Դե, եթե մամուլը «Հրապարակ» օրաթերթն է, կարծում եմ՝ Դուք կարող եք ասել, Դուք եք էդտեղ վերլուծություններ, որպես այդպիսին, անում։ Ինձ անձամբ ճանաչող մարդիկ, կարծում եմ, գիտեն՝ իմ կառավարման ոճն ինչ ձեւի է, ու ես, որպես այդպիսին, ասում եմ, որ ես նպատակ եմ դրել, որպեսզի այն ծրագրերը, որ կան, բարելավվեն։ Քաղաքացին երբ իր տնից դուրս է գալիս, չի նայում, թե իր վերելակը ՔՊ-ն է փոխել, Հանրապետականն է փոխել, կամ եթե ՔՊ-ն է, ՀՀԿ-ն է կամ դաշնակն է, ուրեմն բերեք էդ վերելակը չփոխենք։ Մեր երկիրն է, ու բոլորս միահամուռ ուժերով պետք է այն շենացնենք։
- Ամեն դեպքում, Տիգրան Ավինյանը ստվերային կառավարչի կարգավիճակ ունի՞ քաղաքապետարանում։
- Եթե ինձ բացատրեք՝ ստվերային կառավարում ինչ է նշանակում․․․
- Օրինակ՝ այն, որ ինքն է կադրային քաղաքականությունը, նաեւ գլոբալ քաղաքականությունը որոշում։
- Գլոբալ քաղաքականությունը ո՞րն է, ասում է՝ պարոն Սարգսյան, գործակարգավարական նիստին էսինչ, էսինչ հարցերը կքննարկեք, էսինչ
հանձնարարականները կտաք, էսինչ մարդկանց կնշանակեք․․․
- Ձեր խոհանոցը Դուք ավելի լավ կիմանաք, մենք տեսնում ենք այն, ինչ երեւում է նիստերին եւ ոչ միայն։
- Չէ, դուք չեք տեսնում, եթե տեսնեք, ձեր մամուլով չէին հրապարակվի․․․ գորշ, հա՞, գորշ կարդինալ եւ էդպիսի այլ բաներ։
- Հայկ Մարությանի հետ շփում ունեցե՞լ եք քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո։
- Թողնելուց հետո մի անգամ ենք խոսել՝ տեխնիկական ինչ-որ հարցի շուրջ, հունվար ամսին, եթե չեմ սխալվում։
- Իսկ խորհրդակցելու կամ կառավարչական հարցերով զրուցելու կարիք եղե՞լ է։
- Պարոն Մարությանն ասել է, որ եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ է աջակցել։ Այս պահի դրութամբ դրա անհրաժեշտությունը չի եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։