
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան

5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով սկսում են անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Երեկվանից Ազատության հրապարակում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես բողոքի ակցիա է սկսել։
ArmDaily.am-ի հետ զրույցում «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ասաց, որ իրենք վաղը հանրահավաք չեն կազմակերպում, այլ միայն ասուլիս, որի ընթացքում իրենց կներկայացնեն անելիքները։
Հարցին՝ արդյոք կմիանան Արթուր Վանեցյանին, Տոնոյանը պատասխանեց.
«Մենք դուրս ենք գալիս Նիկոլի դեմ պայքարի, և եթե այդ պայքարին ուրիշ ուժեր էլ են դուրս գալիս, թող դուրս գան։ Մենք դուրս ենք գալիս պայքարի մեր տեղը և ոչ ոքի չենք միանում։ Վանեցյանը իր տեղն է պայքարում, մենք ՝ մեր տեղը։ Եթե այդ պայքարը հանուն նույն նպատակի է՝ թող բերի հաղթանակ։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը գա, կանգնի հրապարակում ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք։
Մենք կոչ ենք անում համախմբվել և համայն ուժերով դուրս գալ այս չարիքից ազատելու մեր երկիրը։ Կարծում եմ՝ ոչ իրենք մեզ կմիանան, ոչ էլ՝ մենք իրենց, այլ գաղափարը կհամախմբի ողջ ժողովրդին, իսկ ժողովրդի մեջ ով ով է՝ մենք չենք որոշում»։
Տոնոյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունը սկսում են ոչ որպես քաղաքական ուժ, այլ միավորում են հայրենիքի ճակատագրով մտահոգ և վտանգները գիտակցող մարդկանց։
«Բացարձակապես որպես քաղաքական ուժ հանդես չենք գալիս, մենք դա վաղը ավելի հստակ կհայտարարենք և ավելի պարզ կդառնա։ Կետ առ կետ հայտարարելու ենք՝ որպես ինչ ենք հանդես գալիս, ինչու ենք հանդես գալու և ինչ ենք անելու։ Բոլոր հարցերին տրվելու են պատասխաններ։
Հրապարակները պետք է լցնել, որպեսզի կարողանանք այդ կրիտիկական զանգվածը հավաքել, որպեսզի հարց լուծենք»,- ասաց Տոնոյանը։