
Միայն ադրբեջաներեն ներդիր-թերթիկներով դեղեր՝ Հայաստանում գործող դեղատներում․ քաղաքացին ահազանգում է

Auroranews-ը ահազանգ է ստացել մի քաղաքացուց՝ Ավան համայնքում գործող դեղատներից մեկից դեղ է գնել, որի ներդիր-թերթիկի վրա եղած գրությունը միայն ու միայն ադրբեջաներեն է։
«Դեղը գնեցի, տարա տուն ու էս թերթիկն էր մեջը։ Հայերենի նշույլ չկա՝ ամբողջը ադրբեջաներեն է։ Էս ի՞նչ խայտառակ վիճակ է։ Ես փորձեցի ներմուծողին գտնել, սակայն չհաջողվեց»,- նշեց վրդովված քաղաքացին՝ խնդրելով օգնել և բարձրաձայնել այս հարցը։
Auroranews-ը կապ հաստատեց ինչպես Կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ այնպես էլ դեղը Հայաստան ներմուծած ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք խնդրից անտեղյակ էին։
Տեսչական մարմնից հորդորեցին միայն գրավոր դիմել, կտրոն և այլ լուսանկարներ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այս հարցով։
Բելառուսի արտադրության այս դեղի՝ «Рибоксин»-ի Հայաստան ներկրող «Վագա ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իրենք օրենքի որևէ կետ չեն խախտել և եթե քաղաքացին պահանջեր՝ իրեն կտրամադրեին նաև հայերեն կամ ռուսերեն ներդիր-պիտակ։
Որոշ ճշտումներ կատարելուց հետո տվյալ աշխատակիցը կրկին կապ հաստատեց մեզ հետ և որոշակի մանրամասներ ներկայացրեց․ «Մենք կապ հաստատեցին Բելառուսի մեր գործընկերների հետ, ներողություն խնդրեցին, նշեցին, որ թյուրիմածություն է եղել և Ադրբեջանի համար նախատեսված խմբաքանակից նաև Հայաստան են ուղարկել։ Թեև մենք դրանով որևէ օրենք չենք խախտում, սակայն տնօրենի հետ որոշում կայացրեցինք, որ տվյալ դեղերի ներդիր-թերթիկները կփոխվեն»։
«Վագա ֆարմ»-ի աշխատակիցը նաև հավելեց, որ դեղը մինչ դեղատանը հայտնվելը ստացել է բոլոր անհրաժեշտ հաստատումները պետական կառույցների կողմից և եթե խնդիր տեսնեին՝ ներկրումը թույլ չէին տա։





