Մեր երկիրը գրավելու ռուս զինվորականների նախնական ծրագիրը ձախողվեց. Զելենսկին նոր հայտարարություններ է արել

Ուկրաինայում ռուսական զորքերի մարտավարությունն իրավիճակի վատթարացման է հանգեցնում հենց Ռուսաստանում, ուստի խաղաղության եւ անվտանգության շուրջ բանակցությունները Մոսկվայի միակ հնարավորությունն են՝ սեփական սխալներից նվազեցնելու վնասը: Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը: 

«Մեր երկիրը գրավելու ռուս զինվորականների նախնական ծրագիրը ձախողվեց։ Եւ նրանք, կարծես, չգիտեն՝ էլ ինչ կարելի է անել մեզ հետ: Նրանց ռազմական հրամանատարները, կարծես, չեն կարողանում իրենց քաղաքական ղեկավարությանն այլ բան առաջարկել, քան դաժան եւ սխալ մարտավարությունը՝ մեզ հյուծելու, Ուկրաինան հյուծելու համար։ Խաղաղ բնակչությանը, խաղաղ քաղաքներին, մարդկանց, երեխաներին մշտական ​​հարվածներից բացի, հրթիռներից, ավիառումբերից, «Գրադ»-ից, «Ուրագաններ»-ից գնդակոծություններից բացի ոչինչ, ոչ ռազմական ենթակառուցվածքից՝ բնակելի շենքերից, հիվանդանոցներից, դպրոցներից, եկեղեցիներից բացի: 


Բայց նրանց զինվորականների այս մարտավարությունը միայն սրում է իրավիճակը ռուսական պետության համար, նոր ու նոր կործանարար պատժամիջոցների է հանգեցնում, դրդում է նոր անդամներին միանալ մեր հակապատերազմական կոալիցիային, թույլ է տալիս Ռուսաստանի վրա ճնշման համար միավորել նույնիսկ այն պետություններին, որոնք միշտ փորձել են չեզոք մնալ: 

Ուստի խաղաղության, մեզ համար, Ուկրաինայի համար անվտանգության բովանդակալից, ազնիվ եւ առանց ձգձգման բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալներից վնասը նվազեցնելու համար»,- ասել է Զելենսկին։ 

Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան միշտ պնդել է բանակցությունները, երկխոսություն, խաղաղության համար լուծում է առաջարկել: 

«Եւ ես ուզում եմ, որպեսզի բոլորը լսեն ինձ հիմա, հատկապես՝ Մոսկվայում: Ժամանակն է հանդիպել: Խոսելու ժամանակն է։ Ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը: Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն էլ չի բավականացնի ոտքի կանգնելու համար»,- ասել է Զելենսկին։ 

Նա ուշադրություն է հրավիրել Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի մի ուշագրավ դետալի վրա: 

«Պարզապես պատկերացրեք, որ Մոսկվայի այդ մարզադաշտում 14 հազար դի եւ տասնյակ հազարավոր վիրավորներ եւ հաշմանդամներ են։ Ռուսական կողմն այդքան կորուստներ ունի այս ներխուժումից: Ահա այդպիսին է պատերազմի գինը: Մոտ երեք շաբաթվա ընթացքում: Պատերազմին պետք է վերջ տալ. Ուկրաինայի առաջարկները սեղանին են»,- ասել է Զելենսկին։ 

Նա հավելել է, որ առաջիկա օրերին կշարունակի Ուկրաինայի համար խաղաղության կոչով դիմել աշխարհի ժողովուրդներին։ Նախատեսված են  շվեյցարացիներին՝ ժողովրդին եւ պետությանն ուղղած կոչեր, ելույթներ են նախատեսված Իսրայելի, Իտալիայի, Ճապոնիայի համար:

Քաղաքականություն