Ռուսաստանի առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ արձագանքը բացասական է եղել. ինչ արձագանք սպասել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահի և արտգործնախարարի աշխատանքային հանդիպման կադրերը հեռարձակել է Россия 24-ը։
«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի իր դատողությունները մեր հայտնած մտահոգությունների հարցով Վաշինգտոնից և Բրյուսելից ստացված պատասխանների վերաբերյալ: Մեր համոզմամբ, ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք՝ այս անգամ էլ նախկին խորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հաշվին, դառնում է անսահման և չափազանց վտանգավոր»,- ասել է Պուտինը:
Նախագահի խոսքով, ինքը ցանկանում է տեղեկություններ ստանալ այն վերլուծությունների մասին, որոնք Արտաքին գործերի նախարարությունը համատեղ կատարել է մյուս գերատեսչությունների հետ:
Արտգործնախարարն ասել է, որ կան արևմտյան կողմի հետ համաձայնության հասնելու հնարավորություններ:
Լավրովի խոսքով, Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից հարցերի մեծ մասի վերաբերյալ ստացել է բացասական պատասխաններ, սակայն վերջին հանդիպումները և օտարերկրացի լիդերների հետ Պուտինի զրույցները վկայում են, որ «համաձայնության հասնելու ոչ բոլոր միջոցներն են սպառվել»:
Պուտինը վերջին ժամանակաշրջանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի և Հունգարիայի վարչապետի հետ, հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահի և Բրիտանիայի վարչապետի հետ, վաղն էլ Մոսկվա է ժամանելու Գերմանիայի կանցլերը:
Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջել է անվտանգության երաշխիքների հարցով իրավական ուժ ունեցող հավաստիացումներ և, մասնավորապես, հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես, Վրաստանը և Ուկրաինան, երբեք չեն միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:
Արևմուտքը մերժել է պահանջների մեծ մասը, ՆԱՏՕ-ի խնդրով էլ ընդգծել է, որ ցանկացած պետություն ունի այս կամ այն դաշինքին միանալու իրավունք: Միաժամանակ ՆԱՏՕ-ն նշել է, որ այս պահին Վրաստանի կամ Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա: