Կամիլա Վալիևայի դոպինգ թեստը դրական է. ՄՕԿ-ը կդիմի դատարան
Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը հաստատել է, որ գեղասահքի Ռուսաստանի հավաքականի 15-ամյա մենասահորդուհի Կամիլա Վալիեւան Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ ունեցել դոպինգի դրական պատասխան եւ հեռացված է եղել մրցումներից Ռուսաստանի հակադոպինգային գործակալության կողմից, հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը թեստն արել է Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնության ժամանակ՝ դեկտեմբերի 25-ին։ Մարզուհու արյան նմուշի մեջ արգելված տրիմետազիդինի մասին պատասխանը ռուսական կողմը ստացել է փետրվարի 8-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության հավատարմագրում ունեցող ստոկհոլմյան լաբորատորիայից (Շվեդիա)։
Հաշվի առնելով մարզուհու տարիքը՝ դրական դոպինգ թեստի մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը մարզուհուն հայտնել է, որ նա ժամանակավոր հեռացված է մրցումներից։
Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 9-ին վիճարկել է որոշումը եւ Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեի Կարգապահական հանձնաժողովը թույլատրել է Վալիեւայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կբողոքարկի Մարզական վճռաբեկ դատարանում։
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան եւս պաշտոնապես հայտարարել է, որ Մարզական վճռաբեկ դատարանում կվիճարկի Ռուսաստանի հակադոպինգային գործակալության որոշումը եւ կպահանջի վերականգնել Կամիլա Վալիեւայի ժամանակավոր հեռացումը մրցումներից։
ՄՕԿ-ից պաշտոնապես հաստատել են, որ գեղասահքի թիմային մրցման պարգեւատրման արարողությունը տեղի չի ունեցել Կամիլա Վալիեւայի դրական դոպինգ թեստի վիճարկման պատճառով։
Ռուսաստանի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Կամիլա Վալիեւան հայտավորված է նաեւ մենասահքի օլիմպիական մրցաշարին։ Կարճ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 15-ին։