Հայ դահուկավազորդների գրանցած արդյունքները` Օլիմպիական խաղերում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 6-րդ մեդալային օրը մեկնարկ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը:

 

Հայ դահուկավազորդները մասնակցեցին 10 կմ դասական ոճում: 98 մասնակիցների մեջ Կատյա Գալստյանը եզրագիծը հատեց 74-րդը: Նրա արդյունքն է 34 րոպե 37.5 վայրկյան:

 

Երրորդ Օլիմպիական խաղերին մասնակցող 29-ամյա դահուկավազորդն ավարտեց մրցելույթները Պեկին-2022-ում:

Անգելինա Մուրադյանը մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որը նաեւ 18-ամյա դահուկավազորդի առաջին միջազգային փորձն էր: Մուրադյանը եզրագիծը հատեց 94-րդը։ Նրա արդյունքն է 39 րոպե 43.4 վայրկյան:

Անգելինա Մուրադյանը եւս ավարտեց մրցելույթները 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի Թերեզա Յոհաուգը 28:06.3 արդյունքով: