Չենը դա արեց, բայց ես դա արեցի նաև ինձ համար․ հայազգի մարզիչը՝ օլիմպիական չեմպիոնի մասին
Նաթան Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը մեկնաբանել է գեղասահորդի հաղթանակը Պեկինի Oլիմպիական խաղերում. «Եթե մենք չնվաճեինք առաջին տեղը, կվշտանայի: Երկրորդ ու երրորդ տեղերը մեզ չէին բավարարի։ Իսկ հիմա ես երջանիկ եմ, ուժեղ էմոցիաներ եմ զգում։ Ես զգում եմ, որ դա արել եմ: Չենը դա արեց, բայց ես դա արեցի նաև ինձ համար: Մենք լավ աշխատեցինք, ես կարող եմ անկեղծ լինել: Չենը սիրում է, երբ իր հետ անկեղծ են»,- մեջբերում է Հարությունյանին TASS-ը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ ներկայացուցիչ, գեղասահորդ Նաթան Չենը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը։
Ազատ ծրագրի համար նա ստացավ 218,63 միավոր, ընդհանուր 332,60 միավոր հավաքեց։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել:
Հիշեցնենք` 22-ամյա Նաթան Չենը, որին անվանում են «քառակի թռիչքների արքա», Պեկինի թիմային մրցաշարի շրջանակում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել էր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «La Bohème» ստեղծագործության ներքո։ Նրա մարզիչը Ռաֆայել Հարությունյանն է։