Նոր ահազանգ, ուշագրավ մանրամասներ՝ Կապանի զորամասում տեղի ունեցածից

Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորամասից մեզ ահազանգած զինծառայողները հայտում են, որ Ֆերոյանին ծեծի ենթարկելու լուրերը, որոնք տարածում են նրա հարազատները, իրականության հետ որևէ կապ չունեն։ 

 

«Նախ նշենք, որ Ֆերոյանի եղբայրն էլ մեզանից ոչ հեռու տարածքում տեղակայված զորամասերից մեկում է ծառայում, և նույն իրավիճակն էլ նրա հետ է՝ պարբերաբար խնդիրներ է ստեղծում, չի ուզում մասնակցել վերակարգի հետ կապված որևէ հարցի։ Բայց ո՞նց է ստացվում, որ զորամասում գտնվող բոլոր զինծառայողներով էդ նույն գործն անում ենք։ Որևէ մեկն իրեն չի ծեծել, հարազատներն այդ լուրերը տարածում են, որ նրան արդարացնեն, բայց այդպես չի լինում։ Դե եկեք բոլորս ոչինչ չանենք, զանգենք մեր հարազատներին դժգոհենք ու փախնենք զորամասից»,- ասացին մեր զրուցակիցները՝ խնդրելով իրենց տվյալները գաղտնի պահել։ 

 

Նրանցից մեկն էլ նշեց, որ զորամասի հրամանատարին էլ է հասել այս հարցը, և նա էլ է փորձել միջամտել․ «Մենք գիտենք, որ հրամանատարն նրան կանչել է իր սենյակ, էդ ընթացքում հրամանատարը սկսել է իր սենյակն ավլել, ասել է, որ ինքն էլ է դա անում ու դրա մեջ որևէ վատ բան չկա՝ հատկապես, որ ծառայակիցներից որևէ մեկը չի խուսափում զորամասում կարգուկանոն և մաքրություն պահել»։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի, և մինչ այս պահը նրա մասին որևէ լուր չկա։

 

Նշենք, որ զորամասից News.am-ի հետ զրույցում էլ հերքել են Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։

 

Լրատվամիջոցը նշում է, որ իրենց խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

 

«Վլե Ֆերոյանը հրաժարվել է թե՛ կրել զինվորական հագուստ, թե՛ մաքրություն կատարել իր ննջարանում։ Վլեին չի պարտադրվել սանհանգույց մաքրել, այլ ասվել է՝ միայն ննջարանը մաքրիր։ Մեր զորամասում զինվորները սանհանգույց չեն մաքրում։ Նրան չեն ծեծել, ես հերքում եմ նաեւ այն տեղեկությունը, թե իբր Վլեին եւ մյուս եզդի զինծառայողին չեն թույլատրել հաց ուտել։ Մինչեւ բուն տարաձայնությունները, չթույլատրված ժամին զորամաս է այցելել Վլեի եղբայրը եւ ասել նրան՝ արա այնպես, ինչպես դու ես ուզում, իսկ հետո կապիտան Արմեն Ավագյանին են հանդիպել Վլեի այլ հարազատները եւ խնդրել, որ նա թույլատրի Վլեին քնել այդ ննջարանում, չնայած նրան, որ կապիտանն ասել էր՝ պետք է մաքրություն անի, որ այդտեղ քնի, ասել է՝ հաջորդ օրը մենք կգանք, իր հետ կխոսենք, ինքը կլինի բոլորի նման։ Հենց այդ նույն օրը կապիտան Ավագյանը զորքին շարել է եւ ասել՝ եթե դուք համաձայն եք, որ այս զինվորը ինտեգրվի ձեր շարքերը տեղի ունեցածից հետո, մեկ քայլ առաջ եկեք, բոլորը բացի Վլեից, մեկ քայլ առաջ են եկել։

 

Նրանց միջեւ տարաձայնություն է սկսվել, բայց ծեծ չի եղել։ Վլեն անհարգալից է խոսել հրամանատարի հետ։ Ինչ վերաբերում է մյուս եզդի զինծառայողին, ապա նա նույնպես սկզբում չէր ենթարկվել կապիտան Ավագյանին, բայց նրա հետ զրույցից հետո ինտեգրվել է մեր շարքերը։ Երեկոյան արդեն Վլեն պատի վրայով փախուստի է դիմել զորամասից, այդ ժամանակ գլխից ընկել է գլխարկը, հենց այդտեղից ենք ենթադրում, որ այդ հատվածից է փախուստի դիմել։ Նրան ոչ ոք չի տեսել, որովհետեւ այդ ժամին մյուս ծառայողները լոգարանում են եղել։ Մինչեւ այս պահը Վլեից որեւէ տեղեկություն չունենք»։

Քաղաքականություն