Ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող  կասկածյալներին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից  Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Արդեն Երևանի ոստիկանությունից նրանց ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցված ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են: 

 

Կայքի տեղեկություններով՝  կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դեկտեմբերի 22-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

 

 

Քաղաքականություն