Քաղաքականություն

ԵՄ-ում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը չի հեշտացել. Politico

ԵՄ-ում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը չի հեշտացել. Politico

Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Եվրամիությունը շարունակում է դժվարությունների բախվել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման հարցում։ Եթե նախկինում հիմնական խոչընդոտը Բուդապեշտն էր, ապա այժմ անդամ պետություններն իրենք են բացահայտ պաշտպանում իրենց տնտեսական շահերը՝ գրում է Politico-ն։


Եվրամիության դեսպանները կրկին փորձելու են համաձայնության հասնել նոր փաթեթի շուրջ, սակայն անդամ երկրների պահանջով մի շարք կարևոր դրույթներ արդեն մեղմացվել կամ ամբողջությամբ հանվել են նախագծից։


Դիվանագետների խոսքով՝ նախկինում Օրբանի կոշտ դիրքորոշումը հնարավորություն էր տալիս մյուս երկրներին նրա հետևում թաքցնել իրենց վերապահումները։ Այժմ, երբ Հունգարիան այլևս չի արգելափակում պատժամիջոցները, կառավարությունները ստիպված են բացահայտ հիմնավորել իրենց առարկությունները։


Հունաստանը դեմ է ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) երրորդ երկրներ տեղափոխման սահմանափակումներին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կվնասեն երկրի նավատորմի շահերին։ Աթենքը, ինչպես նաև Մալթան և Կիպրոսը, վերապահումներ ունեն նաև ռուսական նավթի գնի սահմանաչափի երկարաձգման հարցում։


Բանակցությունները բարդացրել է նաև Ավստրիան, որը պաշտպանում է Raiffeisen Bank-ի շահերը։ Վիենան պահանջում է քննարկել Ռուսաստանում բանկի ակտիվների կորստի հարցը և համապատասխան փոխհատուցման հնարավորությունները։


Մի շարք երկրների պահանջով նախագծից հանվել է նաև ռուսական ձկան ներմուծման փուլային արգելքը։ Երկրները զգուշացրել են, որ այդ քայլը կարող է բարձրացնել գները և վնասել եվրոպական ձկնարդյունաբերությանը։


Պատժամիջոցների ցուցակից հանվել է նաև Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը։ Այդ որոշմանը դեմ էին արտահայտվել Բուլղարիան և Իտալիան, իսկ, ըստ աղբյուրների, Վատիկանը նույնպես չէր աջակցում այդ նախաձեռնությանը։


Ֆրանսիան և Իտալիան նաև առարկել են նախկին ռուս զինվորականների նկատմամբ սահմանափակումների խստացմանը՝ նշելով, որ դրանց կիրառման մեխանիզմը դեռևս լիովին մշակված չէ։


Չնայած կատարված փոփոխություններին՝ նոր փաթեթը նախատեսում է ևս տասնյակ ռուսական բանկերի անջատում SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչպես նաև ավելի քան 250 անձի նկատմամբ Եվրամիք մուտքի արգելքի սահմանում, ինչը 2023 թվականից ի վեր պատժամիջոցների ցուցակի ամենախոշոր ընդլայնումն է։


Politico-ի գնահատմամբ՝ Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների ընդունումը չի դարձել ավելի հեշտ, քանի որ այժմ անդամ երկրներն ավելի բացահայտ են պաշտպանում իրենց ազգային տնտեսական շահերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250