Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս մահացել է

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 40-ամյա Կարինե Գասպարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քաղաքականություն