
Ալմաթիում 4-ամյա աղջիկ է զոհվել. գնդակը դիպել է գլխին

Ալմաթիում անկարգությունների հետևանքով 4-ամյա աղջիկ է մահացել, գնդակը դիպել է գլխին, հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ ՝ հղում անելով մանկական օմբուդսմենին: Արուժան Սայինը պատմել է, որ աղջիկը մահացել է հունվարի 6-ին։ Գնդակոծության տակ է հայտնվել մեքենա, որում եղել է չորս երեխա։ Մեքենան եղել է Ալմա-Աթայի Սեյֆուլինի փողոցում:
Հաղորդվում է, որ Կորկեմայ անունով 4-ամյա աղջիկը մահացել է, երբ հորեղբոր հետ մեքենայով գնալիս են եղել մթերք գնելու:
Նրանք անցնելիս են եղել հրապարակի կողքով։ Մեքենայում բացի աղջնակից եղել են նաեւ ավելի մեծ երեխաներ։ Երկուսը վիրավորվել են, երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է:
Ղազախ լրագրողները նշում են, որ Ալմաթիում բողոքի ակցիաների եւ անկարգությունների ժամանակ զոհվածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Լրագրողները խոսել են դիահերձարանի մոտ հերթ կանգնած մարդկանց հետ, ովքեր գնացել են, որպեսզի ճանաչեն իրենց հարազատներին։ Մեծ մասը կորցրել է իր հարազատին հունվարի 6-ին։ Դիահերձում հսկող զինվորները սպառնում են զենքով, եթե տեսնում են, որ իրենց տեսանկարահանում են։