Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01:50-ի սահմաններում, իր խանութից գողություն է կատարվել:   

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։

 

Ոստիկանները պարզել են, որ Ռոսիա փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի սրահի մուտքի դուռը բացելու եղանակով մտել են ներս և դրամարկղից հափշատել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:  

 

Կայքի տեղեկություններով, խանութին պատճառվել է նաև գույքային վնաս, իսկ դրամարկղից էլ տարել են մոտ 250 հազ. դրամ:   Գողությունից ժամեր առաջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 40-ամյա Ընծա Դ.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ից մինչև 22:40-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող, իր կողմից կայանված Kia մակնիշի ավտոմեքենան: 

 

Նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:   Այս դեպքում ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախաատրաստում:   Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավտոմեքենան փախցրած գողին կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:   Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների, Աբովյան քաղաքում խանութը թալանել են Ընծա Դ.-ի ավտոմեքենան փախցնողները: 

Քաղաքականություն

Պատահարներ