ԱՀԱԶԱՆԳ. «Մինչև չպատվաստվեք, դեղերը չեք ստանա». պոլիկլինիկան դիաբետիկներին չի տալիս անվճար դեղորայքը, եթե պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնում

 Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայի բուժաշխատողները անցած շաբաթվանից  հաշմանդամություն ունեցող կամ պարզապես կանոնավոր դեղորայք ընդունող բնակիչներին չեն տրամադրում պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու անվճար հատկացվող դեղերը, նշելով, որ Արագածոտնի մարզի մարզպետարանից հանձնարարական կա` չհատկացնել դեղերը, քանի դեռ քաղաքացիները պատվաստված չեն: Այս մասին դեկտեմբերի 24-ին Auroranews.am-ը ահազանգ է ստացել Աշտարակ քաղաքի 2 բնակիչներից: 

 

«Բառացի ինձ ասացին` կնիքը գլխավորի սենյակում է, մինչև չպատվաստվեք, չեք կարող ստանալ»,- այս մասին ասաց ահազանգած Աշտարակի բնակիչներից մեկն ու նշեց, որ պետության կողմից անվճար հատկացվող շաքարային դիաբետի  դեղերը ստանալու համար ստիպված պատվաստվել են: Նա հավելեց նաև, որ շրջայցի ընթացքում պատվաստում ստանալիս որևէ ստուգում չի անցել:

 

Մենք կապ հաստատեցինք ևս մեկ տուժած քաղաքացու հետ, վերջինս նշեց, որ իրենք դեղերը չեն ստացել, բայց չեն պատրաստվում պատվաստվել: 

 

Առողջապահության նախարարությունից նշեցին, որ նման հրաման նախարարությունը չի արձակել, իսկ մարզային պոլիկլինիկաների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է կապ հաստատել մարզպետարանների հետ:

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց Արագածոտնի մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանի հետ: Հարցին` կա որևէ հրահանգ կամ հանձնարարական, որով մարզպետարանն արգելել է բնակիչներին հատկացնել անվճար դեղորայքը, նա նշեց, որ իրենք միայն հորդորում են պատվաստվել: Առողջապահության բաժնի պետն ակնհայտորեն շրջանցում էր հարցն ու խուսափում հստակ պատասխան տալ: Մենք ևս մեկ անգամ հստակեցրինք հարցը` կա հանձնարարական չհատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը, եթե վերջիններս հրաժարվում են պատվաստվել, նա նշեց, որ նման հրաման, հրահանգ, հանձնարարական չկա: 

 

Մարզպետարանի տեղեկատվական բաժնից հետադարձ կապ հաստատեցին մեզ հետ և պնդեցին` չկա նման հանձնարարական կամ  հրաման:

 

Կապ հաստատեցինք նաև Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայի վարիչ Կարինե Մինասյանի հետ: Վերջինս, սակայն,  հաստատեց` մարզպետարանից հանձնարարական ունեն, չեն տալիս դեղերը, քանի դեռ հիվանդը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը:

 

«Բոլորն էլ խելոք գնում պատվաստվում են, իսկ ով որ իրոք խնդիրներ ունի նա չի պատվաստվում, բայց դեղերը ստանում են: Վարակի դեմ միայն պատվաստումով կարող ենք պայքարել»:

 

Որքան էլ հակասական են մարդկանց պատկերացումները պատվաստման մասին, մասնագետների պնդմամբ, այս վարակի դեմ պայքարելու միակ միջոցը շարունակում է մնալ  պատվաստումը, սակայն անընդունելի ու անօրինական է հաշմանդամություն ունեցող կամ կանոնավոր դեղեր ընդունող հիվանդներին չտալ օրենքով իրենց հատկացվող դեղորայքը, վտանգել վերջիններիս առողջությունն ու արդարացնել այդ քայլը, նշելով, թե այդկերպ պայքարում են հիվանդի առողջության համար: 

 

Ստացվում է` այս քայլը համավարակի դեմ պայքարի քաղաքականության մաս է, ուստի  Auroranews.am-ը հետևողական է լինելու, որ պատասխանատվությունը չբարդվի հանձնարարական կատարող բուժաշխատողի, տվյալ դեպքում`  պոլիկլինիկայի վարիչի կամ մեկ այլ ենթակա բուժաշխատողնի վրա, որոնք հետևել են մարզպետարանից իջեցված հանձնարարականին ու այդ մասին մեզ հետ զրույցի ընթացքում, ինչպես նաև բնակիչներին պարզ կերպով ասել այդ մասին, այն ինչ նույն ընթացքում մարզպետարանի աշխատակիցը մեկ խուսափում էր պատասխանել ու շրջանցում էր հարցը, մեկ կտրականապես հերքում:

Քաղաքականություն