
Ավտովթար Շիրակի մարզում․ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20 –ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան: Օպերատիվորեն ժամանել է նաև Ախուրյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենց լավ են զգում: