
Էրդողանը բավականին ջերմ, նույնիսկ կարելի է ասել՝ ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի շնորհիվ նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների դեպքում հնարավոր է լինում երկխոսություն ունենալ և խաղաղ հանգուցալուծման գալ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ RTVI հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել է, որ մեկ անգամ չէ, որ այդպիսի դեպքեր են եղել՝ Սիրիային վերաբերող, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում ոչ վաղ անցյալի «ողբերգական պահերին»։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ չնայած որոշ հակասություններին, Թուրքիան Ռուսաստանի «շատ կարևոր հարևանն է», խոշոր նախագծերում գործընկերն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում՝ «վիզավին»։
Պեսկովն անդրադարձել է նաև ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ տնտեսական համագործակցությունը քաղաքական ցնցումներից խուսափելու երաշխիք է։
Պեսկովի խոսքով՝ մի շարք ոլորտներում Թուրքիան համաշխարհային մակարդակով մրցունակ ընկերություններ է ստեղծել, որոնք իրենց տեղն են գրավում շուկայում։