COVID19-ից գրանցած մահերի թվերում անհամապատասխանություն կա. Փաշինյանը հանձնարարեց պարզել` ինչու

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։

Հայտնել էինք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։

 

«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն: Նախարարը նշեց, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։

Քաղաքականություն