
Բերձորի տարածքում զորավարժությունները պատահական չեն, խաղաղապահ զորքին շատ մոտ գտնվող տարածքում են․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլի» նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա: Հիշեցնեմ, որ այս ամենն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը շատ մոտ գտնվող տարածքում: Սեպտեմբեր ամսին ևս թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություն էր տեղի ունեցել Բերձորի տարածքում:
Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների պակաս տարածաշրջանում չկա, ավելի քան հինգ տասնյակ զորավարժություն է անցկացվել վերջին 10 ամիսների ընթացքում: Իմ համոզմամբ՝ Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է: Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը, իհարկե, նաև՝ նախատեսելով ուժի կիրառում՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Սա է իրենց առաջարկած «խաղաղությունը»»: