Կարո՞ղ է Ադրբեջանը դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ երկիր. ԱԺ-ն պատասխանել է հարցմանը

Բոլոր այն երկրները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ, չեն կարող ստանալ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերոջ կարգավիճակ: Սա ՀՀ Ազգային ժողովի պատասխանն է «Հետք»-ի այն հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Ազգային ժողովը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այն պնդմանը, թե Ադրբեջանը և Պակիստանը հնարավոր է միանան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ 

2021 թվականի հուլիսի 1-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչելսավ Վոլոդինը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդակցական ձայնի իրավունք։ 

«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտի ստեղծման հարցը։ Նրանք կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման իրավունք»,- հայտարարել էր Վոլոդինը՝ հավելելով, որ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ։ 

Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը՝ Ադրբեջան և Պակիստան։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ