«2 ամսից ավելի՝ Ադրբեջանը փաստացի փակել է Դադիվանքի մուտքը, սահմանափակել է հոգևորականների հերթափոխը»․ Դադիվանքի սպասավոր

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Դադիվանքում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների տեղաշարժի եւ ծառայության վերաբերյալ մամուլում ահազանգեր կան այն մասին, որ չնայած ռուս խաղաղապահների առկայությանը, Ադրբեջանը խոչընդոտում է հայ հոգեւորականների՝ վանական համալիրի տարածք մուտք գործելուն, ինչպես նաեւ՝ ուխտավորների այցերին։ Aravot.am-ը զրուցել է Դադիվանքում սպասավորող Տեր Աթանաս աբեղա Սարգսյանի հետ։ 

 

-Հոգեշնորհ Տ․ Աթանաս, տեղեկացրեք խնդրում եմ, որքանո՞վ է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, որքա՞ն ժամանակ է եւ ի՞նչ պատճառով է խոչընդոտվում հայ հոգեւորականների եւ քաղաքացիների մուտքը Դադիվանք։

 

 -Դադիվանքի վանական համալիր վերջին անգամ հայ ուխտավորները մուտք են գործել մայիսի 2-ին: Այդ օրվանից այս կողմ այլևս որևէ անգամ ադրբեջանական կողմը հնարավորություն չի տվել հավատացյալներին մուտք գործել վանական համալիր և մասնակցել Սուրբ Պատարագների: Ուխտավորները Դադիվանքում անցկացնում են ընդամենը մի քանի ժամ՝ մասնակցում են Սուրբ Պատարագին, հաղորդվում և ապա վերադառնում: Այսինքն՝ ամբողջ շաբաթվա կտրվածքով ուխտավորների ներկայությունը վանքում լինում է ընդամենը 3-4 ժամ: Սովորականի պես շաբաթվա առաջին կեսին ռուս խաղաղապահներին է ուղարկվում կիրակի օրը վանք այցելող ուխտավորների տվյալները, սակայն շաբաթվա վերջին, երբեմն հենց կիրակի առավոտյան է պարզ դառնում, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մուտք գործել վանք: Ռուսական կողմն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի վանք մուտք գործելը դառնա հնարավոր: 

 

-Արդյոք մեր հոգեւոր սպասավորներին թույլատրվո՞ւմ է փոխարինելու նպատակով մուտք գործել Դադիվանք։

 

 -Մինչ մայիսի 2-ը հերթափոխող հոգևորականները կիրակի օրերին ուխտավորների հետ էին մուտք գործում վանք: Իսկ ներկա պահին անգամ հոգևորականների հերթափոխն է դարձել դժվար, երբեմն անկարելի:  Անցնող ամիսներին ռուսական կողմի ջանքերով հնարավոր է դարձել մեկ-երկու անգամ հոգևորականների հերթափոխ կազմակերպել: Ներկա պահին ռուսական կողմը բանակցությունների մեջ է, որպեսզի հոգևորականները կարողանան հերթափոխ կատարել: Երկու ամսից ավել է, ինչ ադրբեջանական կողմը փաստացի փակել է Դադիվանքի մուտքը, ինչպես նաև խիստ սահմանափակել է հոգևորականների հերթափոխը: Անցնող ամիսների ընթացքում ռուսական կողմն ինտենսիվ բանակցությունների մեջ է եղել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի վերջիններս թույլատրեն թե՛ ուխտավորների և թե՛ հոգևորականների մուտքը վանական համալիր, սակայն ադրբեջանական կողմը սկզբնական շրջանում հայտարարեց, որ համավարակի պատճառով է արգելում մուտք գործել վանք, այնուհետև հայտարարեց, որ գետը վարարել է, և ճանապարհն անանցանելի է, իսկ վերջին  շրջանում այլևս որևէ հիմնավորում չի ներկայացվում: Թեպետ թե՛ համավարակի և թե՛ ճանապարհի քանդված եղած ժամանակ անարգել տեղաշարժ է եղել նրանց կողմից և տասնյակներով այցելություն են ունեցել Դադիվանք: Վանք մուտք գործելու արգելքի վերաբերյալ ադրբեջանական կողմից որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացվում: