Մենք պետք է սպասենք այնքան, մինչեւ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան ՀՀ տարածքից․ Ավինյան
Սահմանային լարվածությունները կան, եւ դրանք ստեղծում է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Սա շատ կարեւոր արձանագրում է է, մենք պետք է ֆիքսենք, որ երբ մենք փորձում ենք այլ մեղավորներ փնտրել, դա մեզ սխալ տեղ է տանում: Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին: Շատ կարեւոր է, որ մենք սա ընդունենք, հասկանանք եւ նաեւ համոզենք մեր միջազգային գործընկերներին: Բոլոր նմանատիպ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ, հնարավորինս զսպված: Նաեւ պետռք է հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, մեր սահմանապահ զորքերի պարտականությունն է: Մեր պարտականությունն է դա ապահովել:
Վաղ թե ուշ, մի օր պետք է սահմանագծում եւ սահմանազատում տեղի ունենա մեր բոլոր հարեւանների հետ, բայց այսպես ասած, շատ կոպիտ խախտելով մեր սահմանը, տեղակայվելով մեր սահմանի ներսում, շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների, դա անարդյունավետ ճանապարհ է, որեւէ արդյուն չի կարող տալ: Շանտաժի մեթոդը ՀՀ իշխանությունների համար ընդունելի լինել չի կարող:
Այո, պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,-ասաց նա:
Ավինյանի խոսքով, միայն այդ արհեստականորեն ստեղծված խնդիրների կարգավորումից հետո կարելի է ֆունդամենտալ հարցերի շուրջ քննարկում սկսել:
Դիտարկմանը, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանն իր զորքը չի հանում ՀՀ տարածքից, մենքն ինչքա՞ն պետք է սպասենք, Ավինյանը պատասխանեց. «Մենք պետք է սպասենք այնքան, մինչեւ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան ՀՀ տարածքից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծվի»:
Փոխվարաչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր Հայաստանի առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, եւ քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, այլ մոտեցումների մասին դժվար նկլինի խոսել. «Մենք կարեւորում ենք բանակցային գործընթացը եւ որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայց այդուհանդերձ, վերջնական բոլոր հանգուցալուումները խաղաղության պայմանագրերը, դելիմիտիացիան ու դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին կարեւոր խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է»: