Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին, իր խոսքով՝ միջնորդել են վրիպակի պատճառով
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Թովմասյանը նման առաջարկությամբ հանդես եկավ հուլիսի 10-ի նիստում՝ ՍԴ-ի կողմից միջնորդությունը մեկ անգամ արդեն մերժելուց հետո:
Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի:
«Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը:
Նա պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար: «Իմ ներքին համոզմունքը կայանում է նրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը:
ՍԴ-ն այդ միջնորդությունը քննարկել էր հուլիսի 9-ին ժամը 18:00-ից հետո խորհրդակցության ֆորմատով: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դրան: Նրանք պնդեցին, որ միջնորդությունը պետք է քննարկվեր անհապաղ նիստում, ոչ թե աշխատակարգային կարգով խորհրդակցությամբ: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, սակայն, մեջբերում արեց ՍԴ մասին օրենքից. «Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ ՍԴ դատավորերի առաջարկությունները քննարկվում են անհապաղ: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գործի նյութերի հետազոտման կարգին, առաջարկությունը քննարկվում է անհապաղ: ՍԴ-ի դատավորը, երբ ներկայացրեց միջնորդություն և խնդրեց դա քննարկել անհապաղ, դա գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ առաջարկություն էր: Դատարանն անհապաղ քննարկեց և որոշեց բուն միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցության ֆորմատով՝ դատական նիստը ավարտելուց հետո»:
Արևիկ Պետրոսյանը կրկին պնդեց՝ հենց այդ պահին միջնորդությունը դարձնել քննարկման առարկա և քվեարկել, հակառակ դեպքում ինքը դա կհամարի խախտում: «Միջնորդության քննարկման կարգ ՍԴ-ն չի կարող որոշել՝ այն դեպքում, երբ դա ուղիղ կարգավորված է օրենքով և ՍԴ-ի աշխատակարգով»,-ասաց նա:
ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ազատել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի...
Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց
Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայման...
Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն և աշխատողները պարգևատրվել են
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրումներ են ստացել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները.«Ղե...
Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...