Որտե՞ղ է հայերենը. Ռուստամ Բադասյանը կա՛մ ծանոթ չէ օրենքի կետին, կա՛մ էլ շրջանցում է այն
Այսօր համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը Երևանում նոր Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրայի գրառումներն են, որոնցում հայերենը շատ քիչ տեղ է զբաղեցրել: Այնինչ, ըստ օրենքի՝ պետական լեզուն, եթե ոչ ավելի գոնե պետք է հավասար օգտագործված լինի նմանատիպ գրություններում:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի պարզաբանումն այս հարցով կարծես թե չփարատեց ի հայտ եկած մտահոգությունները և խոսակցությունների նոր ալիք առաջ բերեց:
Բադասյանը, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեց տարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Մեր օտարերկրացի հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիքը ու Patrol կամ Police գրվածքը տեսնելով՝ ավելի արագ դիմեն օգնության»։
Սակայն ՀՀ օրենքում այլ բան է ասվում. «Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.
գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով»:
Ստացվում է, որ Ռուստամ Բադասյանը կա՛մ ծանոթ չէ օրենքի այս կետին, կա՛մ էլ զբաղեցնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը՝ շրջանցում է օրենքը:
Նշենք, որ մասնավոր կազմակերպությունները այս օրենքը շրջանցելու դեպքում տուգանվում են:
Հատկանշական է նաև, որ ուսումնասիրելով մի շարք զբոսաշրջային երկրների պարեկային ծառայության մեքենաների գրառումները, նկատեցինք, որ առաջնային տեղը հատկացվում է տվյալ երկրի պետական լեզվին: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ Հայաստանում ստորադասվում է սեփականը՝ այս դեպքում պետական լեզուն, և նոր ծառայություն ստեղծելիս բավարար չափով չի ուսումնասիրվել միջազգային փորձը։
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը |
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:
(1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)
Հոդված 1.1. | Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները |
Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.
պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.
պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.
պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.
լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.
լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.
գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.
լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.
լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.
գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.
ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) ապրանքանշանի և (կամ) տվյալ աշխարհագրական և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) տնտեսական և (կամ) հասարակական և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.
պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:
(1.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)