
Նախկին այգի, թե շինաղբով լի տարածք. Аuroranews-ը` Գյումրու Երիտասարդական այգու շուրջ ստեղծված իրավիճակի հետքերով

Սոցցանցերում տարածվում է տեղեկություն այն մասին, որ Գյումրի քաղաքի նախկին այգիներից մեկի` Երիտասարդական այգու հողատարածքը, որտեղ տեղադրված է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանի «Ավետաբեր» արձանը, քաղաքային իշխանությունները հանձնել են առևտրային կազմակերպության: Օգտատերերը բողոքում են, որ տարիներ անց պատկան մարմինները ոչ միայն չփորձեցին այգին վերականգնել, այլև հողամասը հանձնեցին մի մեծածախ առևտրային կազմակերպության, որն էլ իր հերթին այնտեղ քաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ու ոճի հետ ոչ մի կապ չունեցող պահեստ է հիմնում։
Аuroranews-ը, խնդիրը հասկանալու նպատակով, կապ հաստատեց Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պարզաբանեց.
«Տարածքը, որի մասին խոսում ենք, այգի եղել 80-ական թվականների սկզբին` նախքան երկրաշարժը: Երկրաշարժի արհավիրքից հետո այգին վերածվեց տնակային և ժամանակավոր կացարանների ավանի: Տարիների ընթացքում մարդիկ ազատել են տնակները և տեղափոխվել իրենց նոր օթևաններ, իսկ տարածքը մնացել է շինաղբի մեջ:
Այժ այդ տարածքում իրականացվում է ներդրումային ծրագիր, որը Գյումրում համար շատ կարևոր է` թե շրջակա տարածքի բարեկարգման և թե աշխատատեղերի առումով: Շինարարությունը կատարվում է օրինական հիմքերի վրա, համաձայնեցված է պետական և տեղական բոլոր կառույցների հետ: Ընկերությունը պատրաստվում է կառուցել ոչ թե պահեստ, այլ աշխարհում ընդունված նոր` մետաղական կոնստրուկցիաներով հավաքված խանութ-սրահ: Կազմակերպությունը պարտականություն է վերցրել բարեկարգել և կանաչապատել հարակից տարածքը, իսկ մնացած հատվածը այգի դարձնել:
Ինչ վերաբերում է քանդակագործ Սամվել Պետրոսյանի «Ավետաբեր» արձանին` նշեմ, որ մենք առաջարկել ենք մի քանի տարածքներ, որտեղ կարող ենք տեղափոխել արձանը: Հեղինակը մեկ համաձայնել է, մեկ` մտափոխվել: Մենք պատրաստ ենք տեղափոխել այնպիսի վայր, որ այն դառնա դիտելի, թեպետ այս հատվածում ևս արձանի արեան պահպանվել է»,- նշեց գլխավոր ճարտարապետը:
Հենրիկ Գասպարյանը հավելեց նաև, որ կազմակերպության հետ բանակցություններ են ընթանում, առ այն որ վերջինս պետք է լուծի նաև տարածքում բնակեցված մի քանի տնակների հարցը` փոխհատուցի բնակիչներին և ապահովի վերջիններիս անօթևանության խնդիրը:
Аuroranews-ը Google map-ի տվյալների և օգտատերերի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելով ստացել է վիզուալ պատկեր այն մասին, թե ինչ իրավիճակ է իրականում նախկին այգու տարածքում և ինչ փոփոխություններ են ներկայումս ընթանում:
Այսպես, Երիտասարդական այգու տարածքը գտնվում է Գյումրու նախկին Շիրակ հյուրանոցի դեմ դիմաց: Շիրակ հյուրանոցի ավերակները 2018 թվականին վերջնականապես ապամոնտաժվեցին և փոխարենը կառուցվեց նոր հինգ հարկանի առևտրային կենտրոն (տես նկարի ձախ կողնմում): Համաձայն օգտատերերի հրապարակած լուսանկարների` ուղղանկյուն նշագրված տարածքում կառուցվում է նոր առևտրային կառույցը: Լուսանկարում նաև կարող եք տեսնել այգու 80-ակլանների պատկերը և իրավիճակն այսօր` համաձայն Google քարտեզի: Շրջանակում վերցված է արձանն ու իր հարակից տարածքը, իսկ հետևի ողջ ազատ տարածքը, ըստ ճարտարապետի, բարեկարգվելու է և ծառայի որպես այգի:
Հավելենք նաև, որ կապ հաստատելով Գյումրու տարբեր բնակիչների հետ` պետք է արձանագրեցինք` քաղաքացիների մի մասը կողմ է ընթացող աշխատանքներին, բարեկարգմանն ու նոր շինության ստեղծմանը, իսկ մյուս մասն էլ համարում է, որ տարածքը պետք էր ամբողջապես վերականգնել որպես այգի:
Սաթեն Եղիազարյան