BBC-ն ներողություն կխնդրի Դոնալդ Թրամփից՝ նրա խոսքը աղավաղելու համար
Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիան պատրաստվում է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ նրա խոսքը աղավաղելու համար։ Ինչպես գրում է Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին:
«BBC-ի փաստաբանները արդեն աշխատում են Թրամփին ուղղված պաշտոնական պատասխանի վրա»,- նշված է թերթում։
BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և գործադիր տնօրեն Դեբորա Թըրնեսը նոյեմբերի 9-ին հայտարարել են իրենց հրաժարականի մասին՝ BBC-ի «Panorama 2024» վավերագրական ֆիլմի շուրջ բարձրացած սկանդալի ֆոնին։ Քննադատությունները վերաբերում էին 2021 թվականի հունվարի Թրամփի ելույթի աղավաղված ներկայացմանը, որը ստեղծել էր տպավորություն, թե նա կոչ է անում բռնի գործողությունների և խրախուսում է Կապիտոլիումի անկարգությունները։
Telegraph-ի տեղեկություններով՝ ֆիլմում ներկայացված մոնտաժը փոխել էր ելույթի բովանդակությունը՝ ներկայացնելով Թրամփի խոսքերը իրականից կտրուկ տարբեր ենթատեքստով։ Թրամփը BBC-ի լրագրողներին անվանել էր «կոռումպացված», իսկ կորպորացիայի ղեկավարությանը՝ «անազնիվ»։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ մտադիր է դատի տալ BBC-ին՝ իր խոսքն իբր միտումնավոր խեղաթյուրելու համար։





























