Բանակային դիրքերը համալրվում են ժամանակակից սարքավորումներով, ինչը բարձրացնում է սահմանապահների անվտանգության մակարդակը. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խորհրդարանում 2026 թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանը սպառազինությունն ու բանակը օգտագործելու է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ բանակի խելամիտ համալրումն ու արդիականացումն պետության ռազմավարական առաջնահերթություններից են։


Պապիկյանի տվյալներով՝ տեղական ռազմարդյունաբերության հետ համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է․


«Եթե 2022-ին պայմանագրերի ծավալը կազմում էր շուրջ 5.5 մլրդ դրամ, ապա այսօր՝ եռամյա պայմանագրերի շնորհիվ, հասել է 171 մլրդ դրամի»։


Նա ընդգծել է, որ բանակային դիրքերը համալրվում են ժամանակակից սարքավորումներով, ինչը բարձրացնում է սահմանապահների անվտանգության մակարդակը։


«Նոր ու գերժամանակակից սարքավորումներով, ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը ու բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը: Հայաստանը ընդլայնում է ռազմատեխնիկական համագործակցությունը, իսկ սպառազինության դիվերսիֆիկացիան մնում է անվտանգության համակարգի առանցքային ուղղություն»,- հավելել է Պապիկյանը։


Պապիկյանը խոսել է նաև զինծառայողների սոցիալական ապահովության բարելավման մասին, շեշտելով, որ ատեստավորման արդյունքում պայմանագրային զինծառայողները կարող են ստանալ 205-470 հազար դրամ հավելավճար։ Ըստ նրա՝ զինծառայողների 65 տոկոսն արդեն ատեստավորվել է։ Նախարարը հավելել է, որ բանակի նկատմամբ վստահությունն աճել է՝ շնորհիվ օրինական ու պարզեցված զորակոչի գործընթացի։

Քաղաքականություն

Պատահարներ