Արծվաշենի և մյուս հայկական տարածքների համար ռազմական օպերացիա չենք անելու. Փաշինյան
2018 թվից այս կողմ գիտության ֆինանսավորումը աճել է Հայաստանում 2.8 անգամ, 180%-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտաշխատողների միջին աշխատավարձ 2000 վերջին տարիների համեմատ աճել է 3.2 անգամ, 220%-ով։ Իսկ իրենք եկել են, այստեղ գիտության սուգն են սգում։ 171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգում։
Վերադառնալով սպառազինության և ռազմական տեխնիկային՝ այս խոսույթը, որ մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն է, այլ պաշտպանունակությունը, որ մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու, եթե այս ամեն ինչը իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։
Եվ իրենք ուզում են մեզ անընդհատ հրեն և հրահրեն այնտեղ։ Մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել և չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորություն է։ Այո, մենք խոսելու ենք միայն ու միայն բացառապես պաշտպանունակության մասին»,– հայտարարեց նա։
Փաշինյանը կրկնեց իր միտքը, որ Արծվաշենի և մյուս հայկական տարածքների համար ռազմական օպերացիա չեն անելու. «Որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են՝ հա ի՞նչ, թուղթ է, ստորագրած է, այն մեկն էլ նախաստորագրած է։ Ժողովուրդ ջան, մոռացե՞լ եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ազգային ժողովը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Այ դա է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտած է»։





























