Եվրահանձնաժողովը Կիևին կփոխանցի 6 մլրդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից

Եվրահանձնաժողովը նախատեսում է Կիևին փոխանցել մոտ 6 միլիարդ եվրո՝ G7-ի կողմից տրամադրվող 45 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում։ Այդ գումարը ձևավորվել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, ինչպես նաև Ուկրաինայի համար ստեղծված ԵՄ հատուկ հիմնադրամի միջոցներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հանդես գալով Եվրախորհրդարանում. այս մասին հաղորդել է UNN-ը։


Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն պարտավորվել է Ուկրաինային տրամադրել շուրջ 18 միլիարդ եվրոյի վարկ, որը պետք է մարվի հենց ռուսական ակտիվներից գոյացած եկամուտներով։ Այս գումարը ներառված է G7-ի կողմից համաձայնեցված ընդհանուր 45 միլիարդ եվրոյի փաթեթում։


Միաժամանակ նշվում է, որ Մոսկվան կոշտ արձագանքել է սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման մտադրություններին․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Բելգիան «ծայրահեղ ցավոտ» պատասխան է ստանալու նման քայլի դեպքում։


Այս պահին Եվրամիության տարածքում սառեցված է ավելի քան 200 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ, որոնցից մոտ 185 միլիարդը պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում։

Քաղաքականություն

Պատահարներ