Եվրոպա´, գործիր տղամարդավարի, եթե կարող ես. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար. շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը, պետք է մտածել ոչ միայն մեր տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։
Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։
Քննարկվող նախագիծը կարևոր հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։
Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։
Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։
Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։
Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից:
Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք:
Եթե դա եք ուզում, ասե՛ք:
Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք:
Ի՞նչ կասեք:
Կամ ի՞նչ կանեք:
Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը:
Գործեք տղամարդավարի, եթե կարող եք:
Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական:
Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է:
Արագ դա փոխեք»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել հայտնի հանրապետականի փեսային, ում հայրը համայնքապետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մար...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
«Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան նրանք, ովքեր ժամանակ ունեն»․ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
Այսօր՝ երևանի ավագանու նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակում ապօրինի շ...
Նման բան տեղի է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ. CNN
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմական օդանավերը օդ են բարձրացել ոչ իրենց ավիակիրի վրայից: Այս մասին...