ԳՇ պետը՝ Արտակ Դավթյանը, պետք է պատասխանատվություն կրի, քանի որ կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունը. պատգամավոր

Պաշտպանություն ակնհայտորեն չկա: Նույնիսկ վարչապետն է ասում, որ առանց կրակոցի 3,5 կմ խորացել են: Նշանակում է՝ մենք չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլև ներուժ՝ դիմակայելու, կամ՝ չենք ուզում: Դա ամենակարևոր հարցն է՝ ինչո՞ւ: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ խիստ անհրաժեշտ է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որի ընթացքում կքննարկվի սահմանին տիրող իրավիճակը, պատկան մարմիններ հրավիրեն՝ բացատրություներ տալու։ Պատգամավորը նշեց, որ պաշտոնական օղակները հստակ պետք է մի շարք հարցերի պատասխանեն։ Պատգամավորի կարծիքով, ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունն ու  անձեռնմխելիությունը։

«Սա՞ է անվտանգությունը՝ քնենք արթնանանք, տեսնենք ադրբեջանցիները մի քիչ էլ են եկե՞լ, չեք կարող, գնացեք։ Ես հետևողական եմ լինելու: Անպատասխանատվությունը չի կարող հավերժ շարունակվել։ Մենք մեզ չենք կարող արդարացնել, որ հետպատերազմական վիճակում ենք։ 6 ամիս անցել է՝ խրամատ փորելը ի՞նչ կապ ունի հետպատերազմական վիճակի հետ, մենք ինչ է՝ տրակտոր չունե՞նք, թե՞ վարորդ չունենք»,-ասաց նա:

Քաղաքականություն