Ահազանգ կա, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Էն Մարտունու մատաղից Շորժա չի տարվե՞լ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Թշնամին, հիշեցնեմ, որ մեր թշնամին, գուցե ոչ բոլորի համար, բայց ինձ համար Ադրբեջանն է, 3 կիլոմետր առաջ է եկել Վարդենիսի շրջանում՝ դեպի Վերին Շորժա գյուղ ու խրամատներ է փորում։

Երեկ գիշերվանից Սյունիքում՝ Իշխանասարի հատվածում, թուրքը պետական սահմանն անցել եւ 3 կիլոմետր առաջ է եկել Սեւ լճի տարածքով ու դիրքավորվել Վերիշեն գյուղի մատույցներում։

Ի դեպ, Սեւ լճի ոռոգման ջրային ռեսուրսից օտվում են հարակից 9 բնակավայրերը։

Սյունիքի մարզպետը, բնականաբար, ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել ու ոչինչ չգիտի։

Ոչինչ։

ZERO։

Մեծ եւ անիմաստ ջայլամի նման ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մինչեւ վերջին պահը ոչինչ չգիտեր, ոչինչ չէր տեսել ու ոչինչ չէր լսել։ Եւ միայն, երբ Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը հաստատեցին թշնամու առաջխաղացումն ու դիրքավորումը Վերիշենի մատույցներում, Վաղարշակ Վառնազովիչը հարկ համարեց թեթեւի մեջ հաստատել տեղեկատվություն։

Հենց էս պահին ահազանգ կա, որ թշնամին, հիշեցնեմ՝ մեր թշնամին թուրքն է, մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Բնականաբար, Վաղարշակ Վառնազովիչը հեսա կհերքի, մինչեւ մի հակահիգիենիկ թուրք, Փոլատ Բյուլ-բյուլօղլու ձայնով անձամբ մի հատ լայվ չմտնի Ջերմուկի տաջ ջրերից։

Ու մինչ Ալիևը Սյունիքն իր ճաշակով ու իր անձնական քարտեզով ձևում-չափում-կտրում է, հեղափոխական իշխանության հեղկոմները զբաղված են ընտրությունների նախապատրաստությամբ։ Մարզպետները հավ ու ճուտ են բաժանում գյուղացիներին, հեղկոմների ագիտպրոպի բաժինները կանվեյերի տակ դրած ֆեյքեր ու իշխանությանը սատարող լրատվական կանալիզացիոն հոսքեր են բացում։

Հա, չմոռանամ հարցնել. Մարտունու իմ ժպտերես հայրենակիցներ, որ Արցախը թուրքին հանձնածի ոտքի տակ գառ էիք մատաղ անում, մտածում էի՞ք, որ վաղը թուրքը հասնելու է Վերին Շորժա։

Ամեն դեպքում, ընդունելի մատաղ լինի»։

Քաղաքականություն