Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպաններից Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատախազության երեկվա հայտարարությանը՝ Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին։
«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։ Վստահ եղեք՝ Ս.Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած մեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրված տեղով հատող հետիոտնի, ինչից հետո հարուցվել էր քրեական գործ և նա ներգրավվել է որպես մեղադրյալ։