Թույլ չենք տա` ժողովրդի թիկունքում հանձնեն նաեւ Կարմիր Շուկան. Արթուր Խաչատրյանը՝ Արցախի նախագահի հայտարարության մասին

Կեղծ հայրենասերներին է դիմել, թող նրանք էլ պատասխան տան։ Այն կեղծ հայրենասերները, որոնք ասում էին՝ հեսա համայնքի ղեկավարները ջոկատներ կկազմեն ու կգնան Ստեփանակերտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ ապրիլի 1–ին արված հայտարարությանը, թե «ուզում է կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան»։ 

«Մենք պատերազմի առաջին իսկ օրից եղել ենք Արցախում։ Մենք մի քանի տասնյակ զոհ ենք ունեցել 44–օրյա պատերազմում, այնպես որ, թե ում նկատի ունի կեղծ հայրենասերներ ասելով, թող նրանք էլ պատասխանեն։ Իսկ այն՝ որ Կարմիր շուկայում իրադարձությունները մեզ համար խիստ մտահոգիչ են, եւ առհասարակ, Արցախում իրադարձությունները մտահոգիչ են, մենք երբեք դա չենք թաքցրել։ Եվ հիմա էլ ասում ենք, որ այդ գաղտնիության շղարշը, որ իրենք պատել են բոլոր իրադարձություններ շուրջ, մեզ համար խիստ մտահոգիչ է, որովհետեւ մենք ունենք դառը փորձ, 44 օր ժողովրդին խաբել են, իսկ վերջում էլ ունեցանք այն՝ ինչ ունենք։ Հայաստանի իշխանությունները փորձում են գաղտնիության շղարշով պատել Սյունիքում իրադարձությունները, Արցախի իշխանությունները  թող չփորձեն դա անել Արցախի հետ։ Իրենք եւ Հայաստանի իշխանությունները հաջողացրեցին Արցախի հարցը  հանել Հայաստանի Հանրապետության օրակարգից, բայց մենք թույլ չենք տա, որ ժողովրդի թիկունքում հանձնեն նաեւ Կարմիր Շուկան, ճիշտ այնպես, ինչպես հանձնեցին Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, եւ այլ ազատագրված տարածխքներ, որտեղ թուրքի ոտք չէր դիպել, եւ հիմա էլ որոշ ստահակներ հայտարարում են, որ դրանք հայկական չեն»,– ընդգծեց դաշնակցական գործիչը։ 

Փակ համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը իշխանություններին ձեռնտու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ապրիլի 1–ին խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով հանվեց ռեյտինգային ընտրակարգը եւ ներդրվեց փակ համամասնականը։ 

«Պարզ է, որ վարչապետն ու իր քաղաքական խմբակը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի առավելություն ստանան մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպես որ ինքն արեց 2018թ.–ին, որովհետեւ միայն ինքը գիտեր ընտրությունների օրը, մնացածը չգիտին, այդ նույն շղթայի մի օղակն է դատական իշխանության ուզուրպացիայի իրեն ենթարկելու փորձերը, ՏԻՄ–երում ղեկավարներ նշանակելը, պետական միջոցներով քարոզարշավ կազմակերպելը՝ ինչ տեղի ունեցավ, երբ Արմավիրի մարզում վարչապետը հայտարարեց, որ գյուղերից մեկում ասֆալտ են անելու։ Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրակաշառք, որի  դեմ ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր, բայց իշխանավոր Փաշինյանը որոշել այդ արսենալը օգտագործել։ Փակ համամասնականը թույլ է տալիս վարչապետին իրեն ավելի լոյալ մարդկանց անցկացնել խորհրդարան, իսկ եթե ռեյտինգային լիներ, եւ  որեւէ մարդ շատ ձայն հավաքեր, այդ դեպքում  շատ դժվար կլիներ ասել՝ դիմումդ գրի, մի անցի խորհրդարան, այս դեպքում ինքն իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի»,– ասաց Արթուր Խաչատրյանը։ 

 

 

 

 

Քաղաքականություն