Հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե. Լևոն Արոնյանը խոսել է ԱՄՆ մեկնելու պատճառների մասին. Sputnik Armenia

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետության կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրույցում։ «Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա հարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ 

 

Իսկ այս դեպքում, երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե», – Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝  ասել է Արոնյանը։ Շախմատիստի խոսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպես են վերաբերվել, կարծես թե ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։ Մինչդեռ, գրոսմայստերի խոսքով, ինքը միայն ներկայացրել է շախմատ և շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցության:

«Հարցն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրավիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալվում է որպես նախկին իշխանությունների ֆավորիտի խոսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեպետ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը», – ասել է Լևոն Արոնյանը։