Տանկերով տրորելու մասին առարկայական տեղեկությունների դեպքում դատախազությունը գործողություններ կձեռնարկի

Բանակը ժողովրդի դեմ հանելու, մարդկանց տանկերով տրորելու վերաբերյալ առարկայական տեղեկություններ ունենալու դեպքում դատախազությունը կձեռնարկի համապատասխան գործողություններ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ անդրադառնալով մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Հանրապետութան ղեկավարը Հանրապետության հրապարակում, դիմելով հավաքված բազմությանը հայտարարել էր. «Էն մարդիկ, որոնք ուզում են էսօր մարդկանց տանկերով տրորել, բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են…»։

Այս հայտարարությունից հետո NEWS.am–ը դիմել էր դատախազությանը պարզելու՝ արդյոք վարչապետի հայտարարությունը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, եթե այո, արդյոք գլխավոր դատախազը հանձնարարել է պարզել, թե ովքեր են տանկերով մարդկանց ցանկանում տրորել, և ինչ գործողություններ է ձեռնարկել ենթադրյալ հանցագործությունը կանխելու համար։

Ի պատասխան՝ դատախազությունից հիշեցրել են, որ «Օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների և անձանց պարտականությունն է իրենց ամենօրյա գործողությունների շրջանակներում սահմանադրական կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ բնույթի հանցագործությունների կանխումն ու բացահայտումը»։

Դատախազությունից միաժամանակ հայտնել են, որ հարցման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ առարկայական տեղեկություններ ունենալու դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ, որի նկատմամբ կապահովվի դատախազական պատշաճ հսկողություն։

Այսպիսով՝ դատախազությունը փաստում է, որ բանակին ուղղված վարչապետի մեղադրանքները զուրկ են իրավական հիմքերից։

Նշենք, որ նախքան «մարդկանց տանկերով տրորելու» վերաբերյալ հայտարարությունը, վարչապետը մի քանի անգամ բանակին մեղադրել էր ռազմական հեղաշրջման փորձի մեջ, ինչը  նույնպես մինչ այս պահը որևէ իրավական գնահատականի չի արժանացել։

Իսկ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը Փաշինյանի և կառավարության հրաժարականի վերաբերյալ փետրվարի 25-ի հայտարարությամբ կամ դրանից հետո դուրս չի եկել իր սահմանադրական գործառույթներից,  տանկեր կամ այլ զինտեխնկա չի մտցրել մայրաքաղաք, իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր չի արել և թույլ չի տվել քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներ։ Փոխարենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակին ռազմական հեղաշրջման փորձի կամ տանկերով մարդկանց տրորելու վերաբերյալ  իրավական հիմնավորումից զուրկ հայտարարությունները լուրջ հարված են հասցրել աշխարհում Հայաստանի վարկին՝ կասկածի տակ դնելով Հայաստանում տասնամյակներ շարունակ ձևավորված ժողովրդավարական համակարգը։ Ցավոք, երկրի ղեկավարի՝ քաղաքական նպատակներ հետապնդող պոպուլիստական հայտարարությունը խաղաքարտ է դարձել անգամ թշնամի երկրների քաղաքական ղեկավարության ձեռքում։ Արդյունքում ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը Փաշինյանից անմիջապես հետո ռազմական հեղաշրջման փորձ որակեցին և խստորեն դատապարտեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցությունը, թուրքամետ և ադրբեջանամետ այլ քաղաքական գործիչներ։

Նման իրավիճակում ՀՀ գլխավոր դատախազը առնվազն պետք է հորդորեր հետպատերազմյան ճգնաժամում և անվտանգության նոր սպառնալիքների առջև գտնվող պետության ղեկավարին՝ խուսափել անպատասխանատու հայտարարություններից, ձեռնպահ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող քայլերից, առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:

Քաղաքականություն