Փաշինյանին աջակցող երկու կառույց կա՝ Ադրբեջանն ու ոստիկանական ուժերը. Սեյրան Օհանյան. ArmDaily .am

ArmDaily.am -ի հետ զրույցի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Գլխավոր Շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ճիշտ էր։

«Գլխավոր Շտաբը, այսինքն զինվորական կառույցն ամբողջությամբ միանում է ժողովրդին։ Իհարկե, բոլորիս ցանկությունն էր, որ այդ ամենը մի փոքր ավելի շուտ լիներ և շուտ լինելու դեպքում ավելի արագ կլուծվեր այս ապիկար իշխանության հարցը։ Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են՝ նրանք անպարտելի են։ Այս վերջին պատերազմի ընթացքում այս իշխանությունները հիմնահատակ ջախջախեցին մեր պատմությամբ մեզ փոխանցված ամենակարևոր առանձնահատկություններից մեկը, որ պատերազմի պահին մենք միասնական ենք։ Այդ միասնականությունը, բանակին թիկունք կանգնելու պատրաստակամությունը, մեր ամբողջ պետության և ժողովրդի հավաքական կամքը այս պատերազմի ժամանակ այս ապիկար իշխանության ժամանակ ջախջախվեց»,-ասաց Օհանյանը։

Գեներալը նշեց, որ եթե այս պահին բանակը ժողովրդի հետ է, ապա հաղթանակն անխուսափելի է։ Մեր դիտարկմանը, թե Ոստիկանությունը կշարունակի աջակցել Փաշինյանին, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այս վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Փաշինյանին աջակցող երկու կառույց կա՝ մեկը Ադրբեջանն է, մյուսը՝ ոստիկանական ուժերն են, բայց ոստիկանական ուժերի մեջ էլ մեր հայ մարդիկ են, երևի թե գիտակցում են այն հավաքական կամքը, որը որ դրսևորվի մեր ողջ ժողովրդի, իսկ զինվորականները նաև մեր ժողովրդի մի մասնիկն են, կարծում եմ, ոստիկանությունը համապատասխան հետևություն կանի»։

Սեյրան Օհանյանը վստահ է, որ այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի։ Պատրաստ են նաև բախման և քաղաքացիական պատերազմի։ «Առաջին անգամը չի, որ նրանք դրան գնացել են։ Նրանք դրան արդեն գնացել են։ 2008 թվականի մարտի 1-ի կազմակերպիչները այսօրվա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուժերն են իրականացնողները, և այն, որ իրենք պինդ կառչած են իրենց աթոռներին,և իրենց խմբակային շահն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի շահը, պետական շահը՝միանշանակ է»,-հավելում է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը ասում է, որ ժողովուրդը միահամուռ կերպով պետք է պահանջի ներկա իշխանությունների հրաժարականը, իսկ վարչապետն իր թիմով պետք է հասկանա իրավիճակի լրջությունն ու ինքնակամ հեռանա։

Մեր այն դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությունը կարող է փորձել հակակշռել Գլխավոր Շտաբի գործողություններին, ասաց. «Իհարկե Պաշտպանության ղեկավար կազմը հանդիսանում է այսօրվա քաղաքական թիմի մի մասը, գոնե նախարարը, տեղակալները, մնացած մասը ես կարծում եմ, որ Գլխավոր Շտաբի հետ համակարծիք կլինեն։ Նրանք փորձելու են իրենց քաղաքական թիմի նպատակները առաջ տանել, բայց ժողովրդի աջակցությունը, և փոխադարձ աջակցությունը ժողովրդի ու զինվորականների, կարծում եմ այս պահին անպայման կբերեն հաջողություն»։


 

Քաղաքականություն

Պատահարներ