Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․ Վազգեն Մանուկյան

Ամեն օր կատարվում է նվազագույնը երեք դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանություն հրաժարական կտար։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, որովհետև այդ գայթակղությունը, որ իրենց դիմաց մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, միշտ պատերազմի գայթակղություն է առաջացնում։ Միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը»,-նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ ապստամբության դրդում է իշխանությունը, և «Հայրենիքի փրկության շարժումը» զբաղված է համազգային շարժումը ձևավորելով․ «Շարժման մասնակիցները տասնյակ հազարավոր են, տներում նստած մարդիկ, որ իրենց մասնակից են զգում, հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այդ երկու թիվն էլ մեծացնել»,-նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները ժողովրդի անունից չպետք է խոսեն, քանի որ ժողովրդի հետ կապ չունեն։

Հարցին էլ՝ ինչպես է պատկերացնում ապստամբությունը, Մանուկյանն  արձագանքեց․ «Ինձ համար ժողովրդի արյունը մեծ արժեք ունի, և ես չեմ, որ նախաձեռնող կլինեմ դրա, բայց իշխանությունների համար ժողովրդի արյունը նշանակություն չունի, և իրենք կարող է դրդել ժողովրդին տարբեր գործողությունների»։

Անդրադառնալով ընդդիմադիրների հանրահավաքներին ու ցույցերին մասնակիցների քանակին՝ Մանուկյանը նշեց, որ ժամանակ է պետք ՀՀ-ի վրա իջած արհավիրքը հասկանալու համար: «Որոշ մարդիկ միանգամից են հասկանում, որոշ մարդիկ մինչ այդ էին հասկանում, թե ինչ է լինելու, բայց շատ մարդկանց ժամանակ է պետք, որ փաստերին ծանոթանան, «մարսեն», կամաց-կամաց համոզվեն, որ ոչ թե դա ինչ-որ մեկը չարամտորեն հնարել է, այլ հասկանան՝ ինչ է կատարվում»,-ասաց նա։

Մանուկյանը վերահաստատեց իր տեսակետը, թե սա այն իշխանությունը չէ, որ ինքնակամ կգնա, պետք է կոտրել այս իշխանոսւթյան հենարանները․ «Դրանք երեքն են․ մի հենարանը կոտրելու կարիք չունի, այլ համոզելու աշխատանք ունի՝ մեր ժողովրդի այն հատվածն է, որ մինչև վերջ չի գիտակցել, երկրորդը՝ իրենց պատգամավորներն են, որոնցից մեծ մասը, կարծում եմ, ծուղակում է, երրորդ հենարանն էլ Ոստիկանությունն է, մարդիկ ուզում են աշխատանքից չզրկվել, և իրենց խաբում են, թե պետության առջև պարտքն են կատարում, բայց կամաց-կամաց հասկանում են, որ իրենք կատարում են իրենց պարտքը ոչ թե պետության, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ»,-ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը նաև կոմպրոմատներ ունի իշխանական պատգամավորների դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ